Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եկեք մենք ապրենք ձեր ապարտամենտներում, ձեր աշխատավարձերով, դուք ստացեք «40 +10»-ը․ արցախցին՝ պաշտոնյաներին
Դուք տեսե՞լ եք պայթյունից տուժած ընտանիքներին, տեսե՞լ եք ինչ վիճակում են․ արցախցի մայր Տաթևիկ Խաչատրյան
«Ես Տաթևիկ Խաչատրյանն եմ: Արցախի բռնի տեղահանությունից հետո ընտանիքիս հետ հաստատվել եմ իմ մայր Հայաստանում, և այստեղ հավաքված հազարավորների պես երազում եմ վերադառնալ իմ փոքր հայրենի Արցախ: Սակայն այսօր մեզնից փորձում են խլել այդ իրավունքը՝ մեզ հակադիր գաղթականի, կրկնակի գաղթականի կարգավիճակ տալով»,- այս մասին Ազատության հրապարակում տեղի ունեցող «Ի պաշտպանություն արցախցիների իրավունքների» հանրահավաքի ժամանակ ասաց արցախցի մայր , լրագրող Տաթևիկ Խաչատրյանը։
Իր ելույթում Խաչատրյանն ընդգծեց, որ արցախցիներին ասում են, թե սա ստամոքսակռիվ է, մարդկանց մեջ տարբեր տեսակի թեզեր են շրջանառում։
«Եթե «40+10»-ը դադարում է, մարդիկ հայտնվում են դրսում: Ի՞նչ պետք է անեն, հարցնում եմ: Իսկ ինչպե՞ս կարելի է պայմանական Ռոստովից կամ չգիտեմ՝ Պորտուգալիայից պայքարել վերադարձի իրավունքի համար: Վերադարձի իրավունքը հնարավոր է կայացնել միմիայն մեր մայր հայրենիքում»,- ասաց Տաթևիկ Խաչատրյանը:
Նա նաև խոսեց արցախցիների անհավասար աշխատանքային պայմաններից։
«Արցախցի ուսուցիչն այսօր ծանր ֆիզիկական աշխատանք է կատարում: Հարցնում եմ ձեզ՝ ինչո՞ւ երեկվա ազատամարտիկը, 1000 պատերազմ անցած, այսօր տաքսի է վարում: Ինչո՞ւ այս մարդիկ մինչև հիմա դրսևորում են՝ իբր գոյություն ունի զբաղվածության ծրագիր: Որտե՞ղ է դրա արդյունքը և ինչո՞ւ են մարդիկ շարունակում աշխատանք փնտրել և գտնում միայն միջինից ցածր աշխատավարձով աշխատանք:
Երբ ասում եք՝ դադարեցնում եք «40+10»-ը, դուք ընդհանրապես մտածո՞ւմ եք 55 և բարձր տարիքի ծնողների մասին, ովքեր աշխատաշուկայում մրցունակ չեն: Ի՞նչ պետք է անեն այս մարդի՞կ: Կա արդյոք այս հարցերի պատասխանը: Երբ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում եք, որ կրճատում եք, որ գնան և աշխատեն, արդյո՞ք կարծում եք, որ հնարավոր է ընդամենը 50000 ստանալով բնակվել և ապահովել ընտանիքի նորմալ կենսապայմանները: Եթե այդպես է, առաջարկում եմ տեղերով փոխվել: Եկեք մենք ապրենք ձեր ապարտամենտներում, ձեր աշխատավարձերով, դուք ստացեք «40 +10»-ը, և կտեսնենք, թե ինչպես եք արժանապատիվ գոյատևում: Եղեք օրինակ»,- առաջարկեց արցախցին։
Անդրադառնալով արցախցի մայրերի խնդիրներին, Տաթևիկ Խաչատրյանն ընդգծեց, որ շատ դեպքերում՝ բախվում են այնպիսի խնդիրների, ինչպիսին օրինակ՝ երեխային մանկապարտեզ ընդունելն է։
«Արցախցի մայրը տանում է իր երեխային մանկապարտեզ, չեն ընդունում, ասում են՝ առաջնահերթություն ունեք, և երբ որ մայրը նշում է, որ Արցախից բռնի տեղահանված է, ասում են՝ սա առաջնահերթություն չէ: Հեշտ է, չէ՞, մի կողմից ասել՝ արցախցին չի ուզում ինտեգրվել, մյուս կողմից ամեն ինչ անել, որպեսզի չկարողանա ինտեգրվել: Ինչպե՞ս աշխատի մայրը, երբ դուք հնարավորություն չեք տալիս, և ձեզ համար բռնի տեղահանությունը առաջնահերթություն չէ:
Ի՞նչն է ձեզ համար առաջնահերթություն, հարցնում եմ: Եթե դա առաջնահերթությունը չէ, ո՞րն է առաջնահերթությունը՝ մարդկանց հարկադիր ստիպել, որ արտագաղթե՞ն, մարդկանց ստիպել, որ թողնեն իրենց մայր հայրենիքն ու գնան: Մենք ուզում ենք ապրել մեր մեծ հայրենիքում, մեզ ոչ ոք իրավունք չունի զրկել դրանից: Առանց այն էլ «40+10»-ի պայմաններում շատ մարդիկ ստիպված էին հեռանալ, հիմա առավել ևս դա ակտուալ է: Չենք թողնելու, որպեսզի դուք ձեր կեղտոտ ձևերով մարդկանց փորձեք խաբել, որ արցախցին չի աշխատում: Արցախցին աշխատում է, պարզապես ձեզ նման մեծ աշխատավարձեր չի ստանում»,- շեշտեց արցախցի մայրերի անունից խոսող Տաթրիկ Խաչատրյանը։
Նա նաև ընդգծեց, որ արցախցիները հաճախ ստիպված են մի քանի տեղ աշխատել, որպեսզի կարողանան տարրական ընտանիքի կարիքները հոգալ:
«Դուք տեսե՞լ եք պատերազմի մասնակից ընտանիքների՞, դուք տեսե՞լ եք պայթյունից տուժած ընտանիքների՞: Հարց եմ տալիս՝ տեսե՞լ եք, ի՞նչ վիճակում են գտնվում այդ մարդիկ: Դուք մինչև հիմա անգամ կարգավիճակ չեք տվել պայթյունից զոհ դարձածներին»,- նշեց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։